Tag Archive | աչքեր

Հիշում եմ / Սև աչքերդ

Անցնում էի այն վայրով, որտեղ առաջին անգամ քեզ տեսա: Գիտեի, որ ժամանակիդ մեծ մասն այնտեղ էիր անցկացնում: Արդյոք պահպանե՞լ էիր սովորությունդ: Չգիտեմ: Բայց տարօրինակ զգացողություն ունեցա: Ինձ թվաց, թե ընդամենը մի քանի րոպե առաջ նստած էիր այն քարին, որի վրա հենց նոր նստեցի: Հայացքս պարզեցի քո սև աչքերում վաղուց սառած այն պատկերին, որն ինձ այնքա՜ն հարազատ էր դարձել: Ինչու՞ են հիշողություններն այսքան ցավոտ: Երանի՜ չլինեին… երանի կարողանայի մեկընդմիշտ ջնջել հիշողությանս մեջ քանդակված պահերը… քո սև աչքերը…
Ջնջելն անհնար է: Իսկ գուցե և բնավ հարկավոր չէ՞ մոռանալ այն ամենը, ինչ ժամանակին եղել է ապրելուդ միակ իմաստը… այնքա՜ն քաղցր պահեր…
Չէ, չեմ փորձի մոռանալ քեզ, քո տարբերվող ու գիժ մտքերը, ժպիտդ, որ շա՜տ հազվադեպ էր հայտնվում դեմքիդ, բայց անքա՜ն էր սազում…
Ասում են` ժամանակը մոռացնել է տալիս այն ամենը, ինչը չի կարող ջնջել ոչ մի ուրիշ իրադարձություն կամ երևույթ: Գուցե ինձ հետ էլ այդպես լինի: Գուցե մոռանամ այն ամենը, ինչն այնքան ամուր կապված է քեզ հետ: Ամեն, ամեն ինչ… գուցե… բայց ոչ երբեք իմ հոգին թափանցող ու այն տակն ու վրա անող քո սև աչքերը…
Այնքան կցանկանայի հեռանալուցս առաջ ինձանից մի մասնիկ թողնել: Իմանայիր, որ եղել եմ այստեղ… որ դեռ հիշում եմ, հիշում ամեն ինչ… Կամ էլ չէ, հուսով եմ կզգաս, չէ՞ որ նման ենք իրար…
Գնացի` լուռ ու թեթևացած…